Նորարարություն վճարային համակարգերում
Բիթքոյնը միայն գումար ուղարկելու համար չէ: Այն ունի բազմաթիվ գործառույթներ և Ձեր առջև բացում է բազմաթիվ հնարավորություններ, որոնք համայնքը դեռ ուսումնասիրում է: Ահա որոշ տեխնոլոգիաներ, որոնք ներկայումս ուսումնասիրվում են, իսկ որոշ դեպքերում վերածվում իրական ապրանքների և ծառայությունների: Բիթքոյնի ամենահետաքրքիր կիրառությունները, հավանաբար, առաջիկայում դեռ պետք է բացահայտվեն:
Վերահսկողություն խարդախությունների դեմ
Բիթքոյնով անվտանգության աննախադեպ մակարդակը դառնում է հնարավոր։ Ցանցն օգտատերերին պաշտպանում է խարդախության ամենատարածված տեսակներից, օրինակ՝ հետգանձումներից, անցանցանկալի գանձումներից, իսկ բիթքոյնները կեղծել անհնար է: Օգտատերերը կարող են պահուստավորել կամ գաղտնագրել իրենց դրամապանակները: Ֆիզիկական դրամապանակները շատ բարդացնում են գումար գողանալու կամ կորցնելու գործընթացը: Բիթքոյնն իր օգտատերերին թույլ է տալիս լիովին վերահսկել իրենց դրամական միջոցները։
Համաշխարհային հասանելիություն
Բիթքոյնի միջոցով աշխարհի բոլոր վճարումները կարող են լիովին փոխգործելի լինել: Ցանկացած պահի ցանկացած վայրում բիթքոյնը ցանկացած բանկի, բիզնեսի կամ անհատի թույլ է տալիս անվտանգ կերպով ուղարկել և ստանալ վճարումներ՝ բանկային հաշվի միջոցով կամ առանց դրա։ Բիթքոյնը հասանելի է մեծ թվով երկրներում, որոնք դեռևս անհասանելի են վճարային համակարգերի մեծ մասի համար՝ իրենց իսկ սահմանափակումների պատճառով: Բիթքոյնը մեծացնում է առևտրի համաշխարհային հասանելիությունը, և դա կարող է օգնել միջազգային առևտրի զարգացմանը:
Ծախսարդյունավետություն
Գաղտնագրության կիրառմամբ ապահով վճարումները հնարավոր են դառնում առանց դանդաղաշարժ և ծախսատար միջնորդների: Բիթքոյնով գործառնությունը կարող է շատ ավելի մատչելի լինել, քան դրա այլընտրանքային միջոցները, և կարող է ավարտվել կարճ ժամանակում: Սա նշանակում է, որ Բիթքոյնը ապագայում ցանկացած արժույթ փոխանցելու համար առորեական միջոց դառնալու որոշակի ներուժ ունի: Բիթքոյնը կարող է նաև նպաստել շատ երկրներում աղքատության նվազեցմանը՝ կրճատելով աշխատավարձերի փոխանցման գործառնությունների բարձր վճարները:
Նվիրատվություններ
Բիթքոյնը հատկապես արդյունավետ լուծում է նվիրատվությունների համար: Վճարում ուղարկելու համար պահանջվում է ընդամենը մեկ մատնազարկ, իսկ նվիրատվություններ ստանալը կարող է լինել նույնքան պարզ, որքան QR կոդ ցուցադրելը: Նվիրատվությունները կարող են տեսանելի լինել հանրության համար՝ ոչ առևտրային կազմակերպություններն ապահովելով թափանցիկությամբ: Արտակարգ իրավիճակների դեպքում, օրինակ՝ բնական աղետները, Բիթքոյնով նվիրատվությունները կարող են նպաստել միջազգային հանրության ավելի արագ արձագանքին:
Բազմաֆինանսավորում (քրաուդֆանդինգ)
Բիթքոյնը կարող է օգտագործվել Kickstarter-ի նման բազմաֆինանսավորման արշավներ վարելու համար, որոնցում անհատները գումար են նվիրաբերում նախագծին միայն այն դեպքում, եթե բավականաչափ երաշխիքային գումար է հավաքվում նպատակին հասնելու համար: Նման երաշխիքային պայմանագրերը մշակվում են Բիթքոյն արձանագրությամբ, որը թույլ չի տալիս գործառնության իրականացումը, մինչև բոլոր պայմանները չկատարվեն: Իմացեք ավելին բազմաֆինանսավորման (քրաուդֆանդինգ) հիմքում ընկած տեխնոլոգիայի մասին:
Միկրովճարումներ
Պատկերացրեք, թե ինչպես եք լսում վայրկյանավճարով համացանցային ռադիո, դիտում եք վեբ էջեր՝ փոքրիկ թեյավճարով յուրաքանչյուր չցուցադրված գովազդի համար, կամ գնում եք թողունակություն WiFi թեժ կետից կիլոբայթով: Բիթքոյնը բավական արդյունավետ է այս բոլոր գաղափարները հնարավոր դարձնելու համար: Իմացեք ավելին Բիթքոյն միկրովճարումների հիմքում ընկած տեխնոլոգիայի կամ ապագա արդիացման մասին, որոնք ներկայումս նախագծվում և իրականացվում են միկրովճարումները ավելի մատչելի դարձնելու համար:
Վեճերում միջնորդություն
Բիթքոյնը կարող է օգտագործվել վեճերում միջնորդության նորարարական ծառայություններ մշակելու համար՝ օգտագործելով բազմաստորագրություններ: Նման ծառայությունները կարող են հնարավորություն տալ երրորդ կողմին հաստատել կամ մերժել գործառնությունը մյուս կողմերի միջև անհամաձայնության դեպքում և առանց վերահսկելու նրանց դրամական միջոցները։ Քանի որ այս ծառայությունները համատեղելի կլինեն Բիթքոյնի ցանկացած օգտատիրոջ և վաճառողի հետ, այն, հավանաբար, կհանգեցնի ազատ մրցակցության և որակի ավելի բարձր չափանիշների:
Բազմաստորագրության հաշիվներ
Բազմաստորագրությունները թույլ են տալիս ցանցի կողմից գործառնությունն ընդունել միայն այն դեպքում, եթե անձանց որոշակի խումբ համաձայն է ստորագրել գործառնությունը: Սա կարող է օգտագործվել տնօրենների խորհրդի կողմից, օրինակ, որպեսզի թույլ չտան որևէ անդամի անհամաձայնեցված կերպով ծախսել գանձարանի իր մի մասը: Սա կարող է օգտագործվել նաև բանկերի կողմից, որոնք թույլատրելի շեմից բարձր վճարումները արգելափակելով կարող են կանխել գողությունները, եթե օգտատերը լրացուցիչ հավատարմագրեր չի տրամադրում:
Վստահություն և ազնվություն
Բիթքոյնն առաջարկում է լուծումներ վստահության հետ կապված բազմաթիվ խնդիրների համար, որոնց հետ բախվում են բանկերը։ Սելեկտիվ հաշվապահական թափանցիկության, թվային պայմանագրերի և գործառնությունների անշրջելիությամբ՝ Բիթքոյնը կարող է հիմք դառնալ վստահության և համաձայնության վերականգնման համար։ Խարդախ բանկերը չեն կարող խաբել համակարգը՝ այլ բանկերի կամ հանրության հաշվին շահույթ ստանալու համար։ Ապագայում, երբ խոշոր բանկերը համագործակցեն Բիթքոյնի հետ, հնարավոր կլինի վերականգնել ֆինանսական հաստատությունների անունն ու իրենց հանդեպ վստահությունը:
Ճկունություն և ապակենտրոնացում
Ապակենտրոնացման միջոցով Բիթքոյնը ստեղծեց ճկունության բարձր մակարդակ ունեցող վճարային նոր տեսակի ցանց: Առանց ռազմական պաշտպանության պահանջի՝ բիթքոյնը կարող է վերահսկել միլիոնավոր դոլարների առևտուր: Առանց ձախողման կենտրոնական թիրախի, օրինակ՝ տվյալների կենտրոնը, բարդ է ցանցի վրա իրականացնել հարձակում: Բիթքոյնը կարող է եզակի առաջընթաց ներկայացնել տեղական և համաշխարհային ֆինանսական համակարգերի անվտանգության ապահովման գործում:
Ճկուն թափանցիկություն
Բիթքոյնով իրականացվող բոլոր գործառնությունները հանրահասանելի են և թափանցիկ, և գործառնությունների հետևում կանգնած մարդկանց ինքնությունը գաղտնի է: Սա անհատներին և կազմակերպություններին թույլ է տալիս աշխատել թափանցիկության ճկուն կանոններով: Օրինակ, բիզնեսը կարող է ընտրել որոշակի գործառնություններ և մնացորդներ բացահայտել միայն որոշ աշխատակիցների համար, ինչպես օրինակ ոչ առևտրային կազմակերպությունների դեպքում, որոնք կարող են թույլ տալ հանրությանը տեսնել, թե որքան են նրանք ստանում ամենօրյա և ամսական նվիրատվություններից:
Ավտոմատացված լուծումներ
Ավտոմատացված ծառայությունները սովորաբար պետք է գործ ունենան կանխիկ կամ վարկային քարտով վճարումների ծախսերի և սահմանափակումների հետ: Սա ներառում է վաճառքի ցանկացած տեսակի մեքենա՝ գնացքի տոմսերի մեքենաներից մինչև գազավորված ըմպելիքի մեքենաներ: Բիթքոյնը հարմար է օգտագործել նոր սերնդի ավտոմատացված ծառայությունների մեջ՝ դրանց գործառնական ծախսերը կրճատելու համար: Պատկերացրեք ինքնակառավարվող տաքսիներ կամ խանութ, որտեղ Դուք կարող եք առանց հերթում սպասելու վճարել Ձեր գնումների դիմաց: Բազմաթիվ գաղափարներ դառնում են իրագործելի։